Հոկտեմբերի 27-29-ը ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավերով աշխատանքային այցով մեր երկրում է «Կանանց երկխոսություն» համառուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահ Ելենա Սեմերիկովան, ում այսօր ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Նազելի Բաղդասարյանը:
Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ցավով է ընդգծել այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունենում ոչ խաղաղ, այլ պատերազմական իրավիճակում: Ներկայացնելով ստեղծված իրադրությունը՝ Լենա Նազարյանը փաստել է, որ արդեն մեկ ամիս է Ադրբեջանն ու Թուրքիան մեզ ներքաշել են պատերազմի մեջ:
«Պատերազմն սկսել է Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական եւ ռազմական աջակցությամբ: Երեւի իրենց երկրներում տուժածների հետ ներքին խնդիրներ չունենալու համար ռազմի դաշտ են հանել վարձկանների Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից եւ Պակիստանից»,-ասել է ԱԺ փոխխոսնակը:
Լենա Նազարյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնահարցը մեզ համար տարածքային խնդիր չէ, այլ՝ մարդու իրավունքների հարց: Նրա խոսքով՝ Արցախյան խնդիրը ծագել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի նվազագույն իրավունքներն ապահովելու հարցում Ադրբեջանի անկարողության պատճառով: ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այս 30 տարիներին պարզ է դարձել՝ հայերն ու ադրբեջանցիները չեն կարող ապրել միասին Ադրբեջանի ղեկավարության ներքո: «Դա հայերի կյանքին ու անվտանգությանն ուղիղ սպառնալիք է: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, պատրաստ ենք հարցը լուծել բանակցությունների ճանապարհով: Մինչ այժմ էլ այդպես ենք ասում»,-փաստել է Լենա Նազարյանը:
Պատգամավորներն իրենց խոսքում ընդգծել են Ադրբեջանի հասարակության շրջանում հայատյացության քարոզը: Նրանք կարեւորել են ԼՂ հակամարտության կարգավորումը բացառապես բանակցությունների ճանապարհով: