ԱԺ ճեպազրույցը «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն սկսեց Վազգեն Սարգսյանի խոսքից մեջբերումով․
«Հաղթում են այն ժողովուրդները, որոնք կարողանում են ժամանակավոր անհաջողություններից դասեր առնել և համախմբված, հետևողականորեն շարունակել պայքարը։ Ամեն բան կարող է գլխիվայր շուռ գալ, երբ հակառակորդին թողած՝ ինքներս մեր մեջ թշնամինր փնտրենք»։
Այնուհետև սկսվեց հարցուպատասխանը։ Այն հարցին, թե ինչ սպասել այսօր Ժնևում արտգործնախարարների մակարդակով սպասվելիք հանդիպումից, արդյոք հնարավո՞ր է՝ քննարկվի հրադադար հաստատելու հարցը, Քոչարյանը վստահություն չհայտնեց, որ դա տեղի կունենա։
(հեղ․ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այդ Ժնևյան հանդիպումը հետաձգվել է։)
Նա անդրադարձավ բանակցություններին Թուրքիայի ներգրավմանը, նշելով, որ դա անհնար է, նույնիսկ խոսել այդ մասին, անիմաստ է։
Քոչարյանը նաև հայտարարեց, որ հնարավոր չէ, և հայկական կողմը չի պատրաստվում զորքերը դուրս բերել, այսպես կոչված, «գրավյալ տարածքներից», քանի որ դրանք հանդիսանում են մեր անվտանգության գոտին․
«Պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարավեր հիմա Արցախում, եթե չլիներ այդ անվտանգության գոտին»։
Նա կարևորեց միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչումը։
Քոչարյանի խոսքով՝ հիմա ավելի վտանգավոր են դարձել «ներքին բայրաքթարները», և, այս համատեքստում անդրադառնալով Վազգեն Մանուկյանի կոչին, որով նա պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նկատեց, թե այն առավել վտանգավոր է, քանի որ, չգիտես ինչու, հնչեց հենց հոկտեմբերի 27-ին։
Իսկ անդրադառնալով այն հարցին՝ արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է դիմել ՀԱՊԿ-ին, նա նշեց, որ կդիմի, եթե Մեղրիի ուղղությամբ Ադրբեջանի ոտնձգությունները լինեն նկատելի թիրախային։
Քոչարյանը վերջում հիշեցրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի տոնելու ռազմական հաղթանակ, և ևս մեկ անգամ նշեց, որ մենք հաղթելու ենք, անպայման հաղթելու ենք։