Բաքուն հրաժարվում է կառուցողական աշխատանք տանել Ղարաբաղում՝ հրադադարի հաստատման ռեժիմի պարամետրերի ուղղությամբ, և շարունակում է ռազմական գործողությունները: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարը հիշեցրեց, որ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում ընդունեցին համատեղ հայտարարություն, որի կետերն իրենցից «ճանապարհային քարտեզ» են ներկայացնում: Նա նշեց, որ առաջին երեք կետերը, որոնք վերաբերում են հրադադարին, դրա կոնկրետ պարամետրերի շուրջ համաձայնության գալուն, զոհվածների և ռազմագերիների մարմինները փոխանակելուն, պետք է իրագործվեն անհապաղ և առանց նախապայմանների:
«Բանակցությունների հիմնական խոչընդոտն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ իր վրա կայուն և վերահսկվող հրադադարի հաստատման պարտականություն վերցնել: Ադրբեջանը հրաժարվում է վերահսկման մեխանիզմների կիրառումից: Նրա երկարամյա դիրքորոշումն է՝ խուսափել կայուն հրադադարից և փոխադարձ մեղադրանքների տեղ թողնել», – ասաց Մնացականյանը:
«Այժմ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև խորհրդակցություններ են ընթանում վերահսկման մեխանիզմների վերաբերյալ: Ադրբեջանը հրաժարվում է կառուցողական մասնակցություն ունենալ հրադադարի ռեժիմի պարամետրերի մշակմանը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական գործողությունները», – ավելացրեց դիվանագետը: