Աղթոքը մի ճանապարհ է, որով մենք կարողանում ենք հաղորդակցվել մեր ննջեցյալների հետ։ Թող Աստված հանգստություն տա բոլոր ննջեցյալներին, նախևառաջ՝ մեր նորօրյա պատերազմում զոհված նահատակների հոգիներին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգեհանգստյան կարգ մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նա անդրադարձել է նաև երեկ մատուցված Սուրբ պատարագին, որին ներկա չէր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արձագանքելով՝ նա նշել է, որ դա պետական պաշտոնյաների որոշումն է. «Իրենց որոշումն է եղել, մենք եկեղեցու մուտքը որևէ մեկի առաջ չենք փակում, քանի դեռ նա զրկված չէ եկեղեցու հետ հաղորդակցությունից։ Կարծում եմ՝ բացատրությունները պետք է իրենց պատասխաններում փնտրել»։
Հարցին՝ նա նման վարքագիծը դիտարկո՞ւմ է որպես արհամարհանք եկեղեցու նկատմամբ, Արշակ Սրբազանը շեշտեց.
«Ես չեմ կարող որևէ բացատրություն տալ այդ առնչությամբ, միայն կարող եմ ասել, որ եկեղեցու նկատմամբ ոչ ոք արհամարհանք չի կարող դրսևորել։ Համենայն դեպս, որևէ մեկը չի կարող մտածել, որ կարող է արհամարհանք դրսևորել եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցու բնույթի առանձնահատկություններից ելնելով՝ արհամարհանքն ինքնաբերաբար վերադարձվում է։ Դա նույնն է, որ արհամարհանք դրսևորես Աստծո նկատմամբ»։
Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված հրաժարական ներկայացնելու հորդորին, ինչպես նաև Սիսանում հոգևորականի՝ վարչապետի ձեռքը չսեղմելուն, նա ասաց, որ ինքն էլ է պահանջում վարչապետի հրաժարականը.
«Դա չպետք է դիտարկել անձի նկատմամբ վերաբերմունքի արտահայտություն, պետք է դիտարկել Հայաստանում ստեղծված վերջին ճգնաժամային իրավիճակի թիվ մեկ պատասխանատուի ունեցած թերությունների անկարողության հետևանք։ Մեր պատմության ողջ ընթացքում եկեղեցին եկեղեցուց արտաքսել և եկեղեցուց դուրս է դրել այնպիսի անձերի, որոնք շատ ավելի նվազ վնաս են հասցրել երկրին, ժողովրդին, քան այն անձը, որն այս իրավիճակում այս գործընթացների թիվ մեկ պատասխանատվությունն էր կրում: Հանրային տեսանկյունից չափազանց անհասկանալի կլիներ, եթե եկեղեցին որպես դիտորդ մնար այս իրավիճակում: Ուղղակի հնարավոր չէր չարձագանքել այդ երևույթին»: