ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ նախագահի և խմբակցությունների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:
«2021թ հունվարի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը:
Էդմոն Մարուքյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ իր ղեկավարած կուսակցության ուշադրության կենտրոնում է Արցախի Հանրապետությունը և նրա ժողովրդի ճակատագիրը:
Այնուհետև Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների հետ առանձին-առանձին տեղի ունեցած հանդիպումներին քննարկվել են հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերների, մասնավորապես հետպատերազմյան իրավիճակի, Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության , քաղպաշտպանության, ռազմագերիների և տեղահանվածների, Արցախի ինքնորոշման, ՊԲ –ի վերակազմավորման, ճանապարհային քարտեզի, առաջիկա եռակողմ հանդիպման սպասելիքների և այլ երկուստեք մտահոգող խնդիրների շուրջ: