«Նիկոլ Փաշինյանի շրջապատում կային մարդիկ, որոնք մտածում էին, որ կարող են զանգահարել, որոշակի հանձնարարականներ տալ ԱԱԾ-ին, իսկ ԱԱԾ-ն պետք է կատարի և զեկուցի իրենց»,-«5-րդ» ալիքին տված հարցազրույցում նշել է ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանը՝ հավելելով, որ իր համար դա անընդունելի է։
Ըստ նրա՝ եթե չկան հրատապ խնդիրներ, այդպիսի զանգերն անընդունելի են, ԱԱԾ-ն ենթակա է վարչապետին և պետք է հաշվետու լինի միայն վարչապետին։
Համբարձումյանը նշեց, որ երկրում ներկա լարվածության շարունակության դեպքում լուրջ բախումների կարող ենք ականատես լինել ապագայում։ Նա ընդգծել է, որ պետք է անվտանգային լուրջ միջոցառումներ ձեռք առնվեն ամբողջ հանրապետության տարածքում և սահմաններին․ «Այսօր անվտանգությունն սկսվում է Հրապարակի շինությունների հատվածներում, Պռոշյանում՝ կառավարական ամառանոցի հատվածներում, իսկ մնացած տեղերում ես անվտանգություն չեմ տեսնում»,-նշել է նախկին պաշտոնյան։
Նա նշեց, որ ունենք գլոբալ խնդիրենր, և եթե երկրում տեղի չունենա իշխանափոխություն, ի վիճակի չենք լինի լուծել դրանք։
Նշենք, որ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:
Ավելի ուշ՝ նոյեմբերի 12-ին, Համբարձումյանը հանդես է եկել երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ։ Ըստ նրա՝ ընտրությունները պետք է լեգիտիմացնեն Հայաստանի ղեկավարությանը։ Դեկտեմբերի 17-ին Համբարձումյանը միացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԱԾ նախկին մի խումբ աշխատակիցներին, իսկ դեկտեմբերի 20-ին ԱԱԾ նախկին ղեկավարը լրագրողների հետ զրույցում «Եռաբլուր» պանթեոն կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում ասուլիս կտա, որտեղ կպատմի իր հրաժարականի պատճառների մասին: