«Ժողովուրդը» գրում է.
«Չնայած Արցախյան պատերազմից հետո Հայաստանում և Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ Հայաստանում իշխանությունները շարունակում են այնպիսի ծախսեր կատարել, որոնք զարմանք են առաջացնում այս իրավիճակում: Նախ, Ազգային ժողովը մտադիր է հունվարի 18-ին մեկնարկող նստաշրջանում քննարկել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման հարցը, և միայն երկու տարվա համար այդ կառույցին 8 մլրդ դրամ է հատկացվելու: Այդ գումարից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ և գրասենյակային ծախսերի, ավելի քան 5 միլիարդը՝ շենքային պայմանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ՝ տրանսպորտային հագեցվածության համար։ Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձն էլ մոտավոր կկազմի 650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ: Բացի այս, ինչպես հաղորդում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին 100 գազելներ «մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով»։
«Փաստը» գրում է.
«Հետպատերազմյան քաղաքական շոկը արտահերթ ընտրություններով հաղթահարելու իշխանությունների ցանկությունը կարծես ավելի է խորացնում առկա քաղաքական ճգնաժամը: Հասարակության զգալի մասը կարիք ունի նոր քաղաքական դեմքերի, որոնք չեն ասոցացվում նախկին և ներկա իշխանությունների հետ, ինչը առաջ է բերում նոր, երրորդ բևեռի ձևավորման անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ արդեն գործնական քայլեր են արվում։ «Փաստի» տեղեկություններով, օրեր առաջ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հասարակական կառույցների ղեկավարների և այլ, հեղինակավոր անձանց հավաք, որոնք անդամագրված չեն որևէ քաղաքական ուժի»։
«Հրապարակը» գրում է․
«Մոտ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի հարաբերությունները սառեցվել են․ չեն հարաբերվում, ոչ մի հարցով չեն հանդիպում։ Ավելին՝ քաղաքապետարանը կառավարության հետ աշխատում է գրավոր և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն։ Սառնությունը ծագել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ հանձնարարություններ է տվել, որոնք կա՛մ անօրինական են եղել, կա՛մ՝ Մարությանի համար անընդունելի, և նա հրաժարվել է կատարել։ Ապա սկսել է աշխատանքի չգնալ, արձակուրդներ վերցնել, ինչը վրդովվեցրել է Փաշինյանին, բայց նա այս իրավիճակից, ինչպես մյուս բոլոր բարդ իրավիճակներից, լուծումը չի գտնում։ Ուղղակի, բոլոր պատեհ առիթներով անզորությունից հայհոյում է Մարությանին և համարում, որ սխալ էր նրան քաղաքապետ կարգելը»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։