Հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը ենթադրում է ճանապարհների ապաշրջափակում, ըստ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի՝ առաջին հերթին ազգային անվտանգության խնդիր է։ Armenia Today-ի հետ զրույցում այս պայմաններում նա անիմաստ համարեց խոսել նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իններորդ դրույթի տնտեսական հեռանկարների հնարավորության մասին։
«Ճանապարհների ապաշրջափակումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։ Սա ընդամենը ադրբեջանա-թուրքական ծրագիր է, այսպես կոչված, Մեծ Թուրանի ծրագիրը։ Մեղրիով ճանապարհ ունենալն իրենց վաղեմի երազանքն է։ Եվ բոլորի համար էլ պարզ է, որ սա չի կարելի թույլ տալ։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այդ ծրագիրը փորձել է իրականացնել դեռ Խորհրդային Միության տարիներին, բայց ՀԽՍՀ ղեկավարները դեմ էին այդ ծրագրի իրականացմանը։ Հասկանալի է, չէ՞, ինչ է նշանակում կոմունիկացիա բացել։ Մոռացեք առևտրային կապերի և այլ հնարավորությունների մասին։ Այդ ճանապարհներով առևտուր չի լինելու, այդ ճանապարհներով զորքեր են գնալու։ Ի դեպ՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը սա չեն թաքցնում։ Ու, չգիտես ինչու, միմիայն հայկական կողմն է սա որպես առևտրային ինչ-որ հնարավորություն ու փոփոխություն ներկայացնում»,-շեշտեց Ա․ Մանվելյանը։
Բացի ազգային անվտագության խնդրից, նա ընդգծեց նշվածի բարոյական կողմի մասին․ «Եթե մենք հետպատերազմյան շրջանում ոչ մի հարց չենք լուծել, եթե մեր տղաները դեռ հուղարկավորված չեն, մեր զոհվածների դիերը չեն գտնվել, ունենք գերիների հարց, ինչի՞ մասին է խոսքը։ Ի՞նչ տնտեսական հնարավորության մասին է խոսքը։ Ինչպես կարելի է հնարավորություն բառն արտաբերել այսքանից հետո։ Հնարավորության ու հաջողության մասին խոսելն ընդամենը նշանակում է ծաղրել մարդկանց։ Ինչո՞ւ են պետք բաց կոմունիկացիաները, երբ մենք գերիների հետ կապված հարց ունենք։ Ինչպե՞ս են պատկերացնում․ մարդիկ գնացքով, Բաքվի միջով գնում են ու ձեռքով անում բանտում նստած հայ գերիների՞ն։ Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ առևտրի մասին է խոսքը»։
Ըստ մեր զրուցակցի՝ ոչ մի լավ բան չի սպասվում նաև ռազմաքաղաքական առումով։
«Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում։ Ադրբեջանը զորահամալրում անցկացնելու որոշում է ընդունում, Ադրբեջանում միայն վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 45 թուրքական ռազմական ինքնաթիռ է վայրէջք կատարել, որոնք զենք ու զինամթերք են տեղափոխում Ադրբեջան։ Իրանը զորք է տեղափոխում սահման՝ Ադրբեջանի և Նախիջևանի ուղղությամբ։ Իսրայելը, ԱՄՆ-ն հսկայական զորաշարժ են սկսել։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ռազմաքաղաքական բախումների հավանականությունը շատ մեծ է։ Իսկ այս պայմաններում ինչո՞վ են զբաղվում ՀՀ իշխանությունները։ Մենք պատերազմի շեմին ենք և սա ավելի մեծ ու ահռելի պատերազմ է լինելու, քան այն, ինչ տեսանք 45 օրերի ընթացքում։ Այն, ինչ տեղի ունեցավ այդ պատերազմի ընթացքում, հայկական հերթական ցեղասպանությունն էր։ Այդքանից հետո ուզում են այդ մարդկանց հետ առևտուր անե՞լ։ Ու սա այն դեպքում, երբ իրենք արգելում են մեր դիերը դուրս բերել այն տարածքներից, որոնք զավթել են։ Ցավոք, այս վարչակազմը դեպի անդունդն է գլորվում՝ իր հետևից տանելով ամբողջ Հայաստանը»,-ասաց Ա․ Մանվելյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Իսկ գերիների վերադարձի հարցը այդպես էլ մնաց չլուծված։