«Ժամանակ»-ը գրում է. «Մի քանի օր կայուն վիճակում մնալուց հետո դոլարի փոխարժեքը կրկին բարձրանում է։ 1 դոլարի առքն արդեն 525 դրամի է հասել, իսկ վաճառքը՝ 530-531 դրամի։ Ֆինանսական շուկայի մասնագետ, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին դրամի արժեզրկումը անհանգստացնող չէ, և այն ավելի շատ վարքագծային է: «1-2 դրամի բարձրացումը էական չէ իրականում»:
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «Հետպատերազմական օրերին, հասկանալի պատճառներով, մեր ԱԷԿ-ի թե՛ աշխարհաքաղաքական գործոնը, թե՛ տնտեսական ու էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունն ավելի տեսանելի եղան։ Այս շրջանում մեզ թշնամական երկու երկիր՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ավելի եռանդուն են գործում՝ անթաքույց պնդելով ՀԱԷԿ-ի փակման իրենց մտադրության մասին։ Մենք պետք է չանտեսենք նրանց այս քայլերը՝ զուգահեռ հակընդդեմ գործելով»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հունվարի 12-ին պաշտոնապես տեղեկատվություն տարածվեց, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այնուհետեւ ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւի, ինչպես նաեւ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ»:
«Հրապարակ»-ը գրում է․ «Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները նոր մարտավարությամբ է վերսկսելու։ Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն․ երեկ մեր լրագրողին ասել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը՝ տեղեկացնելով, որ այսօրվանից կմեկնարկեն շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունները։ Նախատեսված է, որ առաջին այցը կլինի Շիրակ, մասնավորապես, Գյումրի քաղաք, ապա՝ Վանաձոր եւ մյուս մարզեր։ Վազգեն Մանուկյանը միայնակ չի շրջելու՝ նրան կուղեկցեն շարժման անդամ ուժերի ներկայացուցիչները»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանյան դեղատների գործելաոճը, կարծես թե, վերահսկողությունից դուրս է մնացել. երբ դեղամիջոցի պահանջարկը մեծանում է, մեծ արագությամբ թանկանում է նաեւ դեղամիջոցը։ Եւ ամենակարեւորը՝ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։ Այսօր հայաստանյան դեղատներում հասարակ ջերմաչափը ոսկու գին ունի։ Եթե նախկինում ջերմաչափը վաճառվում էր 500-600 դրամով, ապա հիմա այն արժե 1200-1400 դրամ։ Իսկ երբ սպառողը բացատրություն է պահանջում դեղատան աշխատողից, ստանում է հետեւյալ պատասխանը. «Պահանջարկն ավելացել է»: