Հունվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքի հետ հանդիպմանը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է, և այդ պետությունը չի կարող լինել մշակութային ու կրոնական հուշարձանների պատշաճ պահպանության երաշխավորը: Այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է, ինչը նաև համապատասխան միջազգային իրավական գործիքների կոպիտ ոտնահարում է:
Հայկական հազարավոր կրոնական և աշխարհիկ հուշարձաններն արարվել են Ադրբեջանի ստեղծումից դարեր առաջ և որևէ առնչություն չունեն ադրբեջանական ինքնության հետ: Այդ հուշարձանները հայ ժողովրդից օտարելու փորձերը չունեն ոչ մի պատմական, դավանաբանական և բարոյական հիմնավորում:
Հատկանշական է, որ ‹‹աղվանացման թեզը›› Ադրբեջանն առաջ է քաշել նաև Նախիջևանի հայկական խաչքարների ոչնչացումն արդարացնելու նպատակով, ինչը ցույց է տալիս հայկական հուշարձանների ինքնության ոչնչացման և խեղաթյուրման գործելակերպի վտանգավորությունը»,- գրել է Նաղդալյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարությունն արել է Կրթության, գիտության և մշակույթի հարցերում իսլամական կազմակերպության գլխավոր տնօրենի ներկայությամբ և փորձել է կրոնական երանգ տալ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին: Խաթարելով միջազգային հանրության ջանքերը` ուղղված Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը՝ Ադրբեջանը շարունակական խնդիրներ է ստեղծում միջազգային մասնագիտական կառույցների, նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար՝ մուտք գործելու տարածաշրջան՝ վերջինիս մեղադրելով կողմնապահության մեջ:
«Իրականում Ադրբեջանն է անպատասխանատու կերպով շահարկում կրոնական գործոնն այն պարագայում, երբ Հայաստանը մշտապես հանդես է եկել միջկրոնական երկխոսության և քաղաքակրթական համագործակցության դիրքերից՝ մշակութային ժառանգությունը համարելով համամարդկային և համընդհանուր արժեք»,- գրել է Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքի հետ հանդիպմանն Ալիևը հայտարարություն է արել կրթության, գիտության և մշակույթի հարցերում իսլամական կազմակերպության գլխավոր տնօրենի ներկայությամբ և փորձել է կրոնական երանգ տալ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին: