Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը պետք է մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը ներկայացնի միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը, որոնք ենթադրում են շինությունների վերականգնում և տրանսպորտային ենթակառուցվածքի նոր օբյեկտների կառուցում՝ միջազգային փոխադրումները կազմակերպելու համար:
Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ենթադրվում է, որ կձևավորվեն առանցքային ուղղությունների փորձագիտական ենթախմբեր, որոնք էլ կզբաղվեն առարկայական հարցերի լուծմամբ:
«Կասկած չկա, որ նշված նախագծերի իրագործումը օգտակար կլինի և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանին։ Կապահովվեն բոլոր երկրների շահերը։ Մասնավորապես, Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան և Իրան, Ադրբեջանն էլ՝ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ»- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ հայ և ադրբեջանցի մտավորականության ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսություն հաստատվի։
«Մենք կողջունենք ինչպես հայ և ադրբեջանցի մտավորականների միջև ուղիղ երկխոսության հաստատումը, այնպես էլ երկու երկրների միջև մարդասիրական բնույթի համատեղ միջոցառումների անցկացումը: Մեր կարծիքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են հաշտեցմանը, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, օգուտ են բերում ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովուրդներին և Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին, ինչը նշանակում է՝ նաև Ռուսաստանի Դաշնությանը»,-ասել Է Զախարովան:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։