ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Լյուստրացիայի ժամանակը» վերնագրով գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է.
«44-օրյա պատերազմից հետո ամենաբարձր մակարդակով խոսվել է դավաճանության եւ դավաճանների մասին։ Տարբեր բարձրաստիճան զինվորականներ առնվազն ակնարկել են դավաճանության փաստերի մասին։ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է ինչ-որ դավաճանների մասին, որոնք պիտի ենթարկվեն պատասխանատվության։
Անուններ չեն հնչել, սակայն ջինը շշից այլևս բաց է թողնված ու հասարակությունը, միևնույն է, մի օր իմանալու է մեր խայտառակ պարտության ողջ պատմությունը։ Որտեղ, ըստ հենց իրենց հայտարարությունների, տեղի է ունեցել նաև դավաճանություն։ Բազմաթիվ երկրներ, այդ թվում արևելյան ու արևմտյան Եվրոպայի, տարբեր տարիների ընդունել են լյուստրացիայի մասին օրենք և գաղտնազերծել են բոլոր գործակալներին։
Այս պատերազմին մենք գնացինք չունենալով իմունային համակարգ։ Վերջին երկուսուկես տարում մեր իմունային համակարգը զրոյացրեցին և ես իրավունք ունեմ ունենալու լեգիտիմ կասկածներ, որ այդ ամենն արվել է հատուկ ծրագրավորված ու էստեղ, այո, ամենամեծ դերակատարությունն ունեցել են տարբեր երկրների կողմից ֆինանսավորվող գործակալական ցանցեր, որոնք գործել ու շարունակում են գործել ամենադեմոկրատ անվանումների և գաղափարների անվան տակ։
Այլ տարբերակ պարզապես չկա»:
Հիշեցնենք, որ երեկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ հրապարակելով փաստաթղթեր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին մեղադրեց թուրքական գործակալ լինելու մեջ: ԱԱԾ-ն, սակայն, հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի: