ԱԺ-ն քննարկում է ԼՀԿ-ի ներկայացրած «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» ԱԺ որոշման նախագիծը։
Հարցի զեկուցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն անդրադարձավ հայտարարության 8-րդ կետին, որը վերաբերում է ռազմագերիների և ձերբակալված քաղաքացիական անձանց վերադարձին:
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից այդ կետը չի կատարվել, և սա առիթ է՝ այդ հարցն ԱԺ ամբիոնից քաղաքական մակարդակում հնչեցնելու: Ըստ Տարոն Սիմոնյանի՝ Ադրբեջանը ռազմագերիներին պատանդ պահելով՝ խախտում է միջազգային իրավունքը, որը նա հանցագործություն համարեց։
Ըստ նրա՝ խորհրդարանը պետք է արտահայտի իր դիրքորոշումն առ այն, որ չի ընդունում միջազգային իրավունքի խախտում պարունակող դրույթները, որոնք հռչակվել են այդ հայտարարության մեջ:
Իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ այս հարցը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և տրվել է բացասական եզրակացություն։
«Երբ ԱԺ-ն հայտարարություն է ընդունում, դրանք արտահայտում են ԱԺ-ի քաղաքական կամքը։ Այս հայտարարության նախագիծը չի կարող լինել խորհրդարանի քաղաքական կամքը, դա մեր պետաիրավական հանձնաժողովի կարծիքն է», – նկատեց իշխանական պատգամավորը։
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ իշխանությունը կատարվածից դասեր չի քաղել, շարունակում է նույն ձևով լռեցնել ընդդիմությանը։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իշխանությունը գնալով ավելի վատն է դառնում։
Հիշեցնենք, որ որոշման նախագիծը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստացել էր բացասական եզրակացություն: