Ինչպես հայտնի է, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Մանդատը փոխանցվեց «Իմ Քայլը» դաշինքի թիվ 12 տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ Աննա Գրիգորյանին: Նշենք, որ ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել էր, որ լքում է «Իմ քայլը» դաշինքը և գործելու է որպես անկախ պատգամավոր։
ԱԺ նիստի ընդմիջմանը Աննա Գրիգորյանը ճեպազրույց տվեց։ Լրագրողները, շեշտելով, որ «ԻՄ քայլ» -ում ճիշտ չեն համարում նրա՝ պատգամավորի մանդատը վերցնելը և խմբակցությունը լքելը, հաշվի առնելով այն իրողությունը, որ, եթե Նիկոլ Փաշինյանի անունը չլիներ, ապա Աննա Գրիգորյանը ձայներ չէր հավաքի, նոր պատգամավորը պատասխանեց, որ այդ հարցը շատ է շահարկվում, ուստի ուզում է շեշտել այն փաստը, որ առաջադրված է եղել մեծամասնական ընտրակարգով և բավական շատ ձայն է հավաքել։ Սակայն, նա միաժամանակ, չժխտեց, որ, իսկապես, Փաշինյանի դերը մեծ է եղել։
Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում արտահերթ ընտրությունների հնարավոր անցկացմանը, Գրիգորյանն ասաց, որ ինքն այս լարված իրավիճակում դա ճիշտ չի համարում, չնայած, կարծում է, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա։ Նա կողմ է տեխնոկրատ կառավարիչներով միջանկյալ կառավարության սեղծմանը, բայց դա չի ենթադրում, որ սատարում է 16 կուսակցությունների առաջադրած թեկնածուին, և, առհասարակ, չի սատարում որևէ քաղաքական ուժի։ Այնուամենայնիվ, Աննա Գրիգորյանն այդպես էլ հստակ չպատասխանեց այն հարցին, թե ում կամ որ քաղաքական ուժին է պատկերացնում որպես միջանկյալ կառավարության առանցք։ Իսկ ԱԺ-ում նրա հիմնական անելիքը՝ սյունեցիների խնդիրները բարձրաձայնելն է։