Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթը:
Կառավարության օրենսդրական փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարը տեղեկացրեց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ։
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ այդ դատարանների ստեղծման արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով: Օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»,-ներկայացրեց նախարարը։
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն առանց ընդդիմադիրների մասնակցության միաձայն կողմ էր քվեարկել սահմանադրական օրենքների նախագծերի փաթեթին (ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթ)։
Փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ։ Առնվազն 25 դատավորից կազմված մասնագիտացված դատարանի 20 դատավորները կքննեն կոռուպցիոն, 5 դատավորները՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կազմված է կլինի առնվազն տասը դատավորներից։