Իրավական առումով թե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի պարզաբանումները լիովին բավարար եմ համարում։ Այս մասին այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փատաթղթին, որի համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԱԾ և Թուրքիայի հատուկ ծառայությունների կրկնակի գործակալ է։
«Ի՞նչ պետք է անենք, Մինասյանն ինչ ասի պետք է գանք խորհրդարանում քննարկե՞նք»,- հարցրեց Սիմոնյանը։
«Միրզոյանն իմ գործընկերն է, իմ զինակից ընկերը։ Դժվար է այսօր մի բան հայտարարել ու ստիպել, որ մարդիկ դրան հավատան։ Մարդիկ սկսել են որևէ մեկի խոսքին չհավատալ, նրանք ինքնուրույն ի վիճակի են վերլուծել ու հասկանալ ամեն ինչ»,- նշեց Սիմոնյանը։
Հարցին, թե ինչ է մտածում ԱԺ փոխխոսնակը Մինասյանի՝ գրառմանը կից հրապարակած փաստաթղթի մասին, Սիմոնյանը կրկնեց, որ իրեն բավարարում է Միրզոյանի արած հայտարարությունը։
«Սա բամբասանքի ժանրից է, մարդիկ այլևս դա չեն ուզում լսել, նրանք ուզում են տեսնել գործողություններ, թե ինչպես է պետությունն իր առջև ծառացած խնդիրները լուծում։
«Մնացածը բամբասանք է, ես չեմ ուզում մեկնաբանել բամբասանքներ»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ օրերս Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր հերթական տեսաուղերձում մեղադրանքներ էր ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։
Ըստ Մինասյանի՝ 2005թ․-ին, երբ Միրզոյանը «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում» ուսումնասիրությունների շրջանակում այդ երկրում էր, ծանոթացել է թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։
Հակահետախուզությունը երիտասարդին հրավիրել է իր մոտ՝ փորձելով պայմանավորվել վերջինիս երկակի գործակալ դառնալու վերաբերյալ՝ ԱԱԾ-ի տրված տեղեկատվությունը թուրքերին փոխանցելու համար։ Հետագայում նա տեղավորվել է Ազգային արխիվում, «Ավրորա» հիմնադրամում, և Աստված գիտի՝ ինչեր է փոխանցել նրանց։