Կառավարությունը ՀՀ ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հերթական օրենքի նախագիծը։ ԱԺ-ն քննարկում է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
ԱԺ նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագծերի փաթեթը, հայտնեց, որ ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի հիմնական առաքելությունը լինելու է կոռուպցիոն հանցագործությունների քննությունը։ Կոմիտեի իրավասությունը լինելու է նաև ՀՀ-ի Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:
Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերի ներգրավման եղանակով:
Ի դեպ, նախարարը տեղեկացրեց, որ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների աշխատավարձն ավելի բարձր կլինի։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ խտրականություն է տեսնում դատական համակարգում։ Նրա համար անընդունելի է, որ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին վարչապետն է նշանակելու, հետևաբար, նրան էլ ենթակա է լինելու։
՛Դատական համակարգում կատարվող փոփոխությունները պատգամավորը հետևյալ կերպ բնութագրեց․ «Տպավորություն է, որ դուք, ծաղկամանի ջուրը չփոխած, այդ ծաղկամանի մեջ դնում եք մի նոր ծաղիկ, որը շատ արագ թոշնելու է։ Այդպիսին է դատական բարեփոխումների ձեր ամբողջ բնութագիրն այս երկու տարվա ընթացքում», – նկատեց Անի Սամսոնյանը։