Վարչապետի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար:
«Օգտագործելով առիթը, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական և մասնագիտական նվիրումի համար:
Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե 3 տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են»,- գրել է Թորոսյանը:
Մեկ այլ որոշմամբ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Առողջապահության նախարարության ղեկավարի պաշտոնից Արսեն Թորոսյանին ազատելու և Անահիտ Ավանեսյանին այս պաշտոնում նշանակելու մասին առաջարկը ստորագրել է Հայաստանի նախագահը:
Ավելի վաղ՝ հունվարի 15-ին, «Հրապարակ» թերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության ղեկավարին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Նույն օրը Armenia Today-ի թղթակիցը կապ հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հետ, որն ասաց, որ ինքը տեղեկություն չունի Արսեն Թորոսյանի հնարավոր պաշտոնանկության մասին՝ հավելելով, որ նախարարն իր աշխատավայրում է և կատարում է իր պաշտոնական պարտականությունները: