«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը չէր կարող լուծվել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ, քանի որ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում որեւէ հատուկ կարգավիճակով Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում: Հրադադարի հաստատման բանակցությունների ընթացքում այդ թեզի պնդման դեպքում հայկական կողմի համար նախընտրելի կլիներ մինչեւ վերջ պատերազմելը, քանի որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով չի կարող բնականոն կյանքով ապրել»:
«Ժամանակ»-ը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է լուծարել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդը, որը ձևավորվել էր դեռևս 2012թ: Նման որոշման պատճառն այդ խորհրդի անգործությունն է, որի ղեկավարը բնապահպանության նախարարն է: Կառավարությունը մտադիր է ստեղծել նոր մարմին, որը կհամակարգվի փոխվարչապետի մակարդակով»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է դատավոր Սամվել Գրիգորյանի, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցի եւ դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի համար էլ՝ Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը, սակայն ԱԺ-ի կողից գործընթացը տեղի չի ունեցել. այն ընդգրկված է հունվարի 18-ից մեկնարկած նիստերի օրակարգում»:
«Հրապարակ»-ը գրում է․ «Լուսավոր Հայաստանը» կուսակցություններին առաջարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքները, նաև նախապատերազմյան քայլերն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ձևավորել։ Մերժել են իշխանական «Իմ քայլը» և ՀՀԿ-ն։ ԻՔ-ում կարծում են, որ դեռ դրա ժամանակը չէ, իսկ ՀՀԿ-ից փոխանցել են, որ չեն կարծում, թե այս իշխանության օրոք այդ հանձնաժողովը կարող է արդյունավետ գործել և վեր հանել թույլ տրված թերացումներն ու բացթողումները։ Փոխարենը առաջարկին կողմ են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»:
«Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություններ և լրացումներ կատարել ԱԺ Կանոնակարգ օրենքում: Մասնավորապես առաջարկվում է ԱԺ նախագահին լիազորել էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորին զրկել «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնելու (ներառյալ միջազգային խորհրդարանական կազմակերպության, միջխորհրդարանական հանձնաժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում) հնարավորությունից մինչև մեկ տարով»: