Ավելի քիչ մարդկային կորուստներով էր հնարավոր կանգնեցնել պատերազմը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն՝ արձագանքելով երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած այն մտքին, թե առանց հողային պակաս կորուստների հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել:
Պատգամավորի խոսքով՝ երկու անգամ պատերազմը դադարեցնելու հնարավորություն է եղել, բայց իշխանությունն այդ քայլին չի գնացել։
Անդրադառնալով Շուշիի մասին մեկնաբանություններին՝ պատգամավորը շեշտեց, որ ԱԺ ամբիոնից վարչապետը Շուշիի մասին ադրբեջանամետ խոսույթին համապատասխան եզրույթներով է հանդես գալիս:
ԲՀԿ-ական պատգամավորի համար այլևս տարօրինակ չէ իշխանության ու վարչապետի այս հայտարարությունը։
«Չեմ կարծում, որ ավելի լուրջ ակնկալիք պետք է ունենալ Շուշիի և Արցախի հետ կապված իշխանության դիրքորոշումներում, հատկապես, որ այդպես էլ վարչապետը նախօրեին չպատասխանեց՝ Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ, թե՞ Արցախը Հայաստան է և վերջ»,- նկատեց Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։ Մեկ էլ ասում են, թե հայտարարել եմ` Արցախը Հայաստան է։ Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք դա և պաշտոնապես արձանագրեք»,–նշել էր վարչապետը։