Կառավարությունը հաստատեց 2004 թվականին ընդունած որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության հաստատված եռամսյակային համամասնությունների շրջանակներում առանձին ծրագրերով կանխավճարի տրամադրման սկզբունքը հանել և ֆինանսավորումն իրականացնել փաստացի կատարված աշխատանքների ծավալին համապատասխան, ինչպես նաև պետական պատվերի տեղադրման հայտերում բաց մնացած բժշկական օգնության և սպասարկման տեսակների տողերը շտկել:
Նախագիծն ընդունելով՝ կկարգավորվեն բժշկական կազմակերպությունների ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև պետական պատվերի տեղադրման հայտերում առկա տեխնիկական խնդիրները։
Ներկայում եռամսյակային համամասնությունների շրջանակներում առանձին ծրագրերով նախատեսվում է կանխավճար՝ առավելագույնը պայմանագրային գումարի 13 տոկոսի չափով:
Սկսած տվյալ տարվա մարտ ամսվանից՝ բժշկական կազմակերպությունները ֆինանսավորվում են նախորդ հաշվետու ժամանակահատվածում փաստացի կատարված աշխատանքների ծավալի չափով, սակայն ոչ ավելի, քան պայմանագրերով սահմանված ֆինանսավորման չափաքանակները:
Սակայն, պայմանավորված Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ և պետական պատվերի տեղադրման գործընթացի պարզեցմամբ՝ հնարավորություն է ստեղծվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագրերը կնքել և բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացնել՝ առանց կանխավճարի տրամադրման, քանի որ հաջորդ տարվա համար պայմանագրերի կնքման գործընթացն ավարտվում է մինչև տվյալ տարին սկսելը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը լինում է ամբողջական: