«Ժամանակ»-ը գրում է. «Գերությունից վերադարձած այն քաղաքացիները, որոնք գերության մեջ էին հայտնվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, մտադիր են դիմել միջազգային ատյաններ՝ իրենցից առգրավված գույքի դիմաց փոխհատուցում ստանալու պահանջով: Ադրբեջանական կողմը ՀՀ քաղաքացիներին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին գերեվարել էր իրենց անձնական օգտագործման մեքենաներով, որոնք մնացել են ադրբեջանական կողմի տնօրինման տակ»:
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «2025 թ. նախատեսվում է գործարկել Եվրասիական Տնտեսական Միության գազի ընդհանուր շուկան: Մեզ ինչքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը, ի՞նչ դրական ու բացասական հետեւանքներ կարող են լինել եւ, ընդհանրապես, ի՞նչ սպասել։ Պարզաբանման նպատակով «ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Սարգսյանին»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում շինարարության ծավալները նվազել են. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցյալ տարվա 11 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարությունը 11.2 տոկոսով նվազել է: Նշենք, որ շինարարության մի զգալի մասն իրականացվում է պետական բյուջեի եւ համայնքային միջոցների հաշվին։ Այստեղ ունենք աճ. անցյալ տարվա 11 ամիսներին պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները 9.7 տոկոսով ավելացել են»:
«Հրապարակ»-ը գրում է. «Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախօրեին շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով պատգամավորներին առաջարկում է՝ ամեն ամիս իրենց տրամադրվող գումարից մասհանում անել պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար։ Խոսքը մասնավորապես պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50 հազար դրամի մասին է, որը չի մտնում պատգամավորի ո՛չ աշխատավարձի, ո՛չ էլ պարգեւավճարի մեջ»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44 օր տեւած Արցախյան պատերազմից հետո հաճախ կադրային փոփոխություններ է իրականացնում, սակայն դրանք ավելի շուտ տեղափոխություններ են հիշեցնում, քանի որ նախկին կադրերը պարզապես նոր աշխատանք են ստանում, կամ մի պաշտոնյան պարզապես գերատեսչություն է փոխում: Վառ օրինակը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելն էր, իսկ վերջինիս փոխարեն էլ այդ պաշտոնին նշանակվեց փոխնախարար Անահիտ Ավանեսյանը»:
«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում չգրվի պատերազմին մասնակցած լինելու մասին։ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ զորացրված զինծառայողների զինգրքույկներում կարգավիճակի դիմաց համատարած «վարորդ» է նշվում»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։