«Հայաստանի վաղը որոշվում է այսօր»,-նշել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը «Հրապարակ»-ը օրաթերթում հրապարակված «Հաղթել սեփական պարտությանը» վերտառությամբ հոդվածում։
«Անկախություն ձեռք բերելուց երեսուն տարի անց մենք ստիպված ենք ամեն ինչ սկսել գրեթե զրոյից՝ կառուցել անվտանգային նոր համակարգ, արդյունավետ համագործակցության բանաձևեր գտնել մեր հիմնական և բնական դաշնակից ՌԴ-ի հետ, վստահելի և գործընկերային հարաբերություններ ստեղծել հարևանների ու արտաքին աշխարհի հետ, Արցախի հարցում հայանպաստ լուծման նոր ուղիներ գտնել և այլն: Միայն այսքանը բավարար է՝ գիտակցելու համար ազգային ճգնաժամի խորությունը»,-գրել է Վանեցյանը։
Նրա համոզմամբ՝ ահռելի կորուստները զգալի ռիսկեր են պարունակում՝ տնտեսության անկում, ֆինանսական շուկայի անկայունություն, սոցիալական լարվածության աճ և բազում այլ խնդիրներ: «Սա մեր իրականությունն է՝ նկարագրված հնարավորինս մեղմ: Մի իրականություն, որի ամենավտանգավոր սպառնալիքը, ըստ իս, պարտվածի հոգեբանության ծուղակն է, որի մեջ կարող ենք հայտնվել ազգովի: Չլուծենք այս խնդիրը՝ չենք կարողանալու լուծել որևէ այլ կարևոր կենսական խնդիր: Պատմության ընթացքում բոլոր պետություններն ունեցել են թե՛ տապալումներ, թե՛ պարտություններ: Շատերը կանգնած են եղել ընդհանրապես լինել-չլինելու խնդրի առջև: Եվ բոլոր այն պետությունները, այն ժողովուրդները, որոնք իրենց մեջ ուժ են գտել «հաղթելու» սեփական պարտությունը, որոնք արել են անհրաժեշտ հետևություններ, անպայման գտել են վերելքի ուղիները և այդկերպ հաջողել»,-նշել է ԱԱԾ նախկին պետը:
Նա ընդգծել է, որ հետպատերազմյան հանրային դիսկուրսում առկա էր ժամանակակից Հայաստանում հնչած կարևոր գաղափարներից մեկը՝ «հայ զինվորը չի պարտվել, հայ սպան չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել»: «Եվ դա իսկապես այդպես է: Արդյոք հնարավոր չէ՞ այս մոտեցումը դարձնել ընդհանրական, բոլորիս միավորող՝ անկախ քաղաքական և այլ հայացքներից: Ինչո՞ւ մենք սա չենք անում: Այն հերոսությունները, որ ցուցաբերել են հայկական զինված ուժերը, մեր տղերքը, աննկարագրելի են, և հակառակորդը դա շատ լավ գիտի՝ մեզնից էլ լավ»,-գրել է նա։
Վանեցյանն աններելի է համարել իշխանության ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները՝ անզորության և պարտության դատապարտված լինելու մասին:
Նա առանձնացրել է նաև աշխարհին ուղղված մեր ուղերձները։
«Հետպատերազմյան Հայաստանից և Արցախից պետք է ուղերձներ հղվեն հայությանը և ողջ աշխարհին: Այդ գործն անթույլատրելիորեն ուշանում է: Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ.
ա) Մենք չենք ընկալում մեզ պարտված:
բ) Մենք կենսունակ պետություն ենք և վստահ վերականգնվելու ենք՝ որպես տարածաշրջանի լիարժեք դերակատար:
գ) Ունենք համահայկականության նոր գաղափարներ և հեռուն գնացող ազգային նպատակներ:
Արցախից նույնպես պետք է հնչեն ուղերձներ՝ Հայաստանին, սփյուռքին և միջազգային հանրությանը, որքան էլ այն այսօր անհաղորդ թվա: Պետք է հնչեն Արցախի կենսունակության վերաբերյալ հստակ ձևակերպումներ և միջազգային քաղաքականության ակտիվ մասնակից լինելու համոզմունք պարունակող կոչեր: Սա պետք է դառնա հայկական երկրորդ պետության օրակարգը, որպեսզի հնարավոր լինի աշխատել և այդ խնդիրներին տալ գործնական լուծումներ: Իսկ այն, որ դա պետք է արվի, կասկածից վեր է»,-նշվում է հոդվածում: