Մենք իջնում էինք Մասիվից ու Ավանից, և ճանապարհի ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը շուրջ տաս մեքենաների տարբեր պատճառաբանություններով կանգնեցրեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:
Նշենք, որ վերջինս Facebook-ում գրել էր նաև, որ Ոստիկանությունը տարբեր անհեթեթ պատճառաբանություններով տուգանային հրապարակ է տանում «Արժանապատվության ավտոերթին» մասնակցող մեքենաներին:
«Հիմա էլ որտեղ գտնում են, հերթով կանգնեցնում են: Եթե կարծում են՝ կալանքից չվախենալով՝ պետք է ՃՈ տուգանքից վախենանք, ուրեմն՝ հոգեվարքի մեջ են»,-լրագրողների հետ զրույցում նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում «Հայրենիքի փրկության շարժումն» «Արժանապատվության ավտոերթ» էր անցկացնում: Պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Ինչպես նախորդ կիրակի, այս անգամ ևս երթը մեկնարկել էր Արշակունյաց պողոտայից:
Հիշեցնենք նաև, որ երթի ավարտից հետո բերման էր ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը: Հավելենք նաև, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: Ձևավորված «Հայրենիքի փրկության շարժման» պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Շարժման Ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: