Պետք չէ Մակունցին վիրավորել կամ ձեռք առնել: Ուղղակի պետք է ճիշտ գնահատել իրավիճակը: Իսկ իրավիճակը հետևյալն է: Այս մասին Facebook-իր էջում
գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն՝ անդրադառնալով «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու մասին լուրերին։
«Մակունցի մասին ոչինչ ասել չեմ կարող։ Անձնական որևէ խնդիր չունեմ։ Պարզապես ո՛չ փորձառու դիվանագետ է, ո՛չ քաղաքական ծանր քաշային, ո՛չ էլ Ամերիկան է այնպես պատկերացնում, ինչպես անհրաժեշտ է։ Ասեմ ավելին՝ վերջերս համայնքային «Armenian Weekly»-ն գրել էր, որ Մակունցի ԱՄՆ այցի նպատակը Սենատոր Մենենդեզի հետ ֆոտո նկարվելն ու PR լինելն էր, և որևէ հրատապ օրակարգ իրականում չկար։ Սա, բնականաբար, հասկանում են նաև Վաշինգտոնում և հասկացել էին նաև Մենենդեզի գրասենյակում»,- գրել է նա։
Հայ-ամերիկյան լճացած հարաբերությունների պարագայում Սարգսյանը սխալ է համարում նրա նշանակումը, մանավանդ, որ որևէ առավելություն չունի գործող դեսպան Ներսիսյանի նկատմամբ։
«ԱՄՆ-ում այս փուլում պետք չէ դեսպանին փոխել: Իսկ, եթե չգիտեմ, թե ինչ անհրաժեշտություն կա դեսպանին փոխելու համար, ապա առաջարկում եմ դեսպան նշանակել օրինակ Թաշչյանին կամ Կաժոյանին։ Իմացողները կհասկանան»,- նշել է Սուրեն Սարգսյանը։
Ըստ փորձագետի՝ Հայաստանում որ օրը տեղի ունենա իշխանափոխություն, նույն օրը Մակունցին ազատելու են պաշտոնից:
«Այդ օրը հեռու չէ, իսկ դա կրկին որպես անլրջություն է ընկալվելու:
Հայկական լոբբիստներն արդեն իսկ կոշտ արձագանք են տվել այս նշանակման կապակցությամբ: Առանց նրանց աջակցության, ցանկացած դեսպան դատապարտված է տապալման»,- նկատել է նա։
Հիշեցնենք, որ տելեգրամ ալիքներում տեղեկություններ տարածեցին այն մասին, որ Լիլիթ Մակունցն առաջիկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու։
«Ազատություն» ռադիոկայանի հետ հարզացրույցում Մակունցը հաստատել է ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու լուրը և տեղեկացրել, որ օրակարգում նման հարց կա։