«Ժողովուրդ»-ը գրում է․ «Օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ երեկ՝ երկար դադարից հետո, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի վերջո, աշխատանքի է գնացել: Նա մի քանի ժամ եղել է քաղաքապետարանում, բայց, ինչպես միշտ, շատ քիչ թվով անձանց հետ է շփվել։ Մարությանի՝ քաղաքապետարանում հայտնվելը թեժ քննարկվել է նրա տարբեր աշխատակիցների կողմից, նույնիսկ նշվել է, որ Մարությանը քաղաքապետարանում է իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար, քանի որ վերջինս պատրաստվում է վերջնականապես հեռանալ քաղաքապետարանի շենքից ու իր կապերը կտրել ներկայիս իշխանությունների հետ»:
«Փաստ»-ը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ ԱԳՆ-ում ներկայումս մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան: Ի դեպ, հիմնականում աշխատանքից ազատվելու դիմում են գրել բարձրաստիճան դիվանագետներ եւ ԱԳՆում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ։ Ընդ որում, ըստ մեր աղբյուրների, աշխատանքից ազատման դիմումներն այսքանով չեն սահմանափակվելու: Թերթի հետ զրույցում ԱԳՆ աշխատակիցը նշել է, որ հրաժարականների դիմումները կապված են քաղաքական իշխանության կողմից վարվող անհասկանալի արտաքին քաղաքականության եւ քաղաքական որոշ դեմքերի, այդ թվում՝ Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելու՝ Փաշինյանի ցանկության հետ»։
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, և չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաեւ առցանց տարբերակով մասնակցել նիստին՝ քովիդով պայմանավորված, սակայն ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է գրեթե ողջ կազմով։ «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կարեւոր հանդիպումներ կային»,- մեզ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նիստից առաջ դահլիճի մուտքի մոտ գերիների հետ կապված բողոքի ակցիա է արել՝ ձեռքին պաստառ․ «Միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»:
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» երբեմն հատում են բանականության սահմանները։ Հունվարի 4-ին ֆինանսների նախարարի պաշտոնից ազատված Վահրամ Բաղդասարյանին Հարությունյանը հիմա փորձում է Հաշվեքննիչ պալատի նախագահ դարձնել։ Թեկնածությունն արդեն ներկայացվել է ԱԺ պատկան հանձնաժողովին, առաջիկա օրերին հանձնաժողովը նիստ կհրավիրի եւ կքննարկի ՀՊ նախագահի հարցը»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հետպատերազմական Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր ընտանիք մտածում է՝ իր ապագան շարունակի կառուցել Հայաստանում, թե կարանտինային ռեժիմից հետո լքի երկիրը, ՀՀ իշխանությունները ամեն քայլ անում են, որպեսզի Հայաստանը հայերի ապրելու համար դառնա ոչ գրավիչ: Օրենքներով անընդհատ անհեթեթ խստացումները ի վերջո բերելու են Հայաստանի դատարկման ու հետաքրքիր է՝ դա ում է ձեռնտու: Հիմա կոնկրետ օրինակով բացատրենք. ՀՀ Կառավարությունը հանդես է եկել հերթական օրենսդրական նախաձեռնությամբ, որն ուղղված է լրատվամիջոցների դեմ եւ կրկին փորձ է արվում սահմանափակել լրատվամիջոցներով հեռարձակվող գովազդները»: