ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին ընդունել է մեր երկրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնել է ԱԺ պաշտոնական էջը։
Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ ընդգծել է երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը եւ բարձր գնահատել ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում թե՛ մարտական գործողությունների դադարեցման եւ թե՛ ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման առումով:
Խորհրդարանի խոսնակն ընդգծել է նաեւ, որ եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, եւ հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ՝ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Դեսպան Կոպիրկինն իր խոսքում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված հումանիտար կենտրոնի, ինչպես նաեւ ռուս խաղաղապահների կողմից իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ երկու երկրների խորհրդարանների՝ երկկողմ եւ բազմակողմ հարթակներում համագործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: