Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երբեք նման վտանգների առջև կանգնած չենք եղել։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ պատասխանելով հարցին, թե ինչու է վերջին շրջանում եկեղեցին խառնվում քաղաքականությանը։
«Երբեք անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ անհանգստացնող ու տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի համար, և այս կացության մեջ եկեղեցին բնական է՝ իր առաքելության մեջ պետք է գտնվեր և իր զգաստացնող խոսքը պետք է ասեր»,- ասաց Վեհափառը՝ հավելելով, որ եկեղեցին առաջնորդվում է ազգային շահից ելնելով։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հետ կապված ոչինչ չի փոխվել իր դիրքորոշումներում։
«Եկեղեցին առաջնորդվում է պետական շահերից ելնելով, և եկեղեցու դիրքորոշումը եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն այս կամ այն քաղաքական կուսակցության։ Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է»,- ընդգծեց Վեհափառը։
Լրագրողները Կաթողիկոսին հարց ուղղեցին նաև Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին։
Գարեգին Բ-ն պատասխանեց, որ ջանքեր են գործադրում, որպեսզի կարողանան նպաստել գերեվարված զինծառայողների վերադարձին։
Նշենք, որ Բանակի տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ վարչապետն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաններ։ «Եռաբլուր» են այցելել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ու հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2020 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել հրաժարական տալ՝ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված:
«Ներկա ճգնաժամային պահին մենք հայրաբար կոչ ենք անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ՝ ցնցումներից, հնարավոր բախումներից և ողբերգական շրջադարձերից խուսափելու համար»,-ասված էր Գարեգին Բ-ի ուղերձում:
Ավելի վաղ նման կոչով հանդես էր եկել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը:
Մանրամասները՝ տեսանյութում․