Չնայած շատերը մտավախություն ունեն, որ կանոնավոր չվերթներն սկսելուն պես Հայատանից արտագաղթ կլինի, սակայն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այլ սպասումներ ունի։ Նա ներգաղթի ակնկալիքներ ունի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով հնարավոր արտագաղթի մասին, ասաց, որ այս պահին ժողովրդի մեջ հոգեբանական անկում կա։ Հուսով է, որ Հայաստանից արտահոսքը գոնե կարճաժամկետ բնույթ կկրի։
«Արտագաղթի տրամադրությունը ժամանակի մեջ է ռեալ։ Այս պահին արտագաղթել ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան: Նույն կերպ կարող ենք ասել, որ դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր»,- մեկնաբանեց Սինանյանը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ մեր երկրից մեծ արտահոսք չի եղել, քանի որ դրա հնարավորությունը չկար:
«Հիմա, երբ օդային հաղորդակցությունը կանոնավոր կլինի, և աշխարհը կբացվի, կարծում եմ՝ պատկերն ավելի ռեալ կլինի»,- հավելեց նա։
Անդրադառնալով նաև հարցին, որ ավիատոմսերը դեպի Մոսկվա բավականին թանկացել են, Սինանյանը նկատեց, որ գները շուկան է որոշում։ Ըստ նրա՝ մենք չունենք ազգային ավիափոխադրող, որ կարող է գին թելադրել։
«Մենք գների վրա չենք կարող ազդել։ Ուզում եք ասել, որ ավիատոմսերի գներն արհեստականորեն իջեցնենք, որ մարդիկ ուզենան հեռանա՞լ»,-եզրափակեց նա։