«Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր է՝ հակասական տեղեկություններ են տարածվում Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին։ Նախ «Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց՝ Ադրբեջանի պահանջով» գրությամբ լուսանկարներ տարածվեցին, ապա գրվեց, որ ռուսներն են դրդել հանել արձանը, քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հերքեց դա։ Ավագանու անդամներից մեկն էլ կանգուն արձանի տեսանյութը տարածեց։ Ինչի՞ց է ծագել աղմուկը»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների համար երեկ անակնկալ է եղել, երբ նրանք տեսել են իրենց գործընկեր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությունը՝ խմբակցությունից դուրս գալու մասին: Իհարկե, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը տեւական ժամանակ է, որ խմբակցության նիստերին չի մասնակցում, չի շփվում պատգամավորների հետ, անգամ եղել են դեպքեր, երբ անջատել է հեռախոսն ու տեւական ժամանակ կորել»: Ի դեպ, մինչ այս խմբակցությունից նրան մի քանի անգամ ասել են՝ պատգամավոր է եւ պետք է ավելի կոռեկտ լինի, սակայն չեն էլ պատկերացրել, որ նա օրերից մի օր անակնկալ կլքեր խմբակցությունը:
«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանական աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերից շուտ արտահերթ ընտրություններ չի անցկացնի։ Նա ապասում է Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ընտրություններին, որտեղ կփորձարկի իր ուժերը, կհասկանա՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ, ինչպե՞ս գնալ, ե՞րբ։ Տեղեկություններ կան, որ Գյումրիում քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ն արդեն բանակցում է գործող քաղաքապետ, ճակատին մի քանի կուսակցության անուն դաջած Սամվել Բալասանյանի հետ, որ նա դառնա իրենց թեկնածուն»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Օրինակ՝ առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 158-րդ հոդվածի 36-37-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ»:
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրել է․ «Արցախյան պատերազմը վեր հանեց բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա էին հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում: Անհրաժեշտություն առաջացավ հետպատերազմյան նոր իրողությունների ներքո վերանայել պետության պաշտպանության և անվտանգության ուղղությամբ իրականացվող գործողությունները կանոնակարգող իրավական նորմերը»: