Կառավարության այսօրվա՝ մարտի 11-ի նիստում, փակ քննարկմամբ ընդունվեց մի շարք օրենքների մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, ըստ որի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հնարավոր է՝ զրկվի անհրաժեշտ ֆինանսավորումից։
Նախագծով առաջարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Օրենքի նշված կետով արմագրված է, որ «յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։
Նախագծի հեղինակը Ֆինանսների նախարարությունն է։ Նրա ներկայացրած նախագծի արդյունքում ՄԻՊ գրասենյակի հաջորդ տարվա բյուջեն կարող է կրճատվել ամենատարբեր հիմնավորումներով։
Վերոնշյալին այսօր Facebook-ի իր էջում անդրադարձել է ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նա կարծում է, որ Կառավարությունը որոշել է «պատժել» Մարդու իրավունքների պաշտպանին՝ լավ աշխատանքի համար և զրկել նրան ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքից՝ հույս ունենալով կախվածության միջոցով վերահսկել ՄԻՊ աշխատանքը։