Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված քաղաքական պայմանավորվածությունը ձեռք է բերվել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։ Այս մասին Կառավարություն- Աժ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այդ առնչությամբ հարցին:
Վարչապետի խոսքով՝ հայտնի հանգամանքների բերումով իրենց օրակարգում եղել է և շարունակում է մնալ սահմանադրական փոփոխությունների հարցը:
«Այլ բան է, որ պետք է կոնկրետ պարամետրերը և բովանդակությունը քննարկել ու փորձել համաձայնության գալ», – նշեց նա։
ԱԺ պատգամավորին հետաքրքրում էր նաև, թե նախօրերին ինչ օրակարգով է վարչապետը հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Փաշինյանը պատասխանեց, որ նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները պարբերաբար լինում են և կշարունակվեն։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետն ու նախագահը հանդիպել են՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։