Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանից ՍՈւ-30 ՍՄ կործանիչներ է գնել առանց հրթիռների: Ավելի վաղ՝ 2020թ-ի հուլիսին, Փաշինյանը գրել էր, որ ՀՀ ԶՈւ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները զորավարժություններ են անցկացրել՝ խոցելով թիրախները «օդ-ցամաք» հրթիռներով։ Երեկ վարչապետը պնդեց, որ իր հայտարարությունների մեջ հակասություն չկա։ Հավելենք նաև, որ մի շարք փորձագետներ պնդում են, որ նշված կործանիչները գրեթե երբեք առանց մարտական միավորների չեն մատակարարվում։ Ըստ այդ կարծիքների՝ եթե անգամ մատակարավում են, ապա մարտական միավորներով համալրման գործընթացը երկար չի տևում։
Armenia Today-ի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովն անդրադարձել է ՍՈւ-30-ի շուրջ հայտարարություններին։ Նա մի շարք հանգամանքներ է առանձնացրել։
«Նախ՝ այս սպառազինությունը՝ այդ ինքնաթիռը, շատ բարդ համակարգ է։ Իր մեջ բազմաթիվ հրթիռներ ու ռումբեր կան, որոնք կարող են մեկ տասնյակից ավելի լինել։ Երկրորդ՝ այն ֆիքսված համակարգ չէ՝ մի ինքնաթիռը կոշտ ձևով փոխկապակցված չէ կոնկրետ հրթիռների ու ռումբերի հետ։ Այսինքն, այդ նույն տեսակի սպառազինությունը վաճառվում է նաև ուրիշ ինքնաթիռների համար»,-ասաց նա՝ նշելով, որ սպառազինություններից բոլորը չեն, որ նոր են, և կան տեսակներ, որոնք բավականին հին պատմություն ունեն։
«Հայկական կողմը մինչ այդ ինքնաթիռը ձեռք բերելն իր սպառազինության մեջ ունեցել է ՍՈւ-25, որի սպառազինության մի շարք տարրեր կարող են կիրառվել նաև ՍՈւ-30 վրա։ Ինչը և տեղի է ունեցել 2020թ․ հունիսյան զորավարաժությունների ժամանակ, և որի մասին վարչապետը գրառում էր արել։ Իսկ այն, ինչը չեն հասցրել գնել, և որի մասին այսօր խոսվում է, ավելի նոր, ավելի բարդ կառավարվող հրթիռների մասին է։ Դա, բնականաբար, կարող էր ավելի շատ բարձրացնել էֆեկտիվությունը»,-ասաց նա։
Ընդհանրապես սպառազինությունը բաժանվում է կառավարվող և ոչ կառավարվող համակարգերի․
«Կառավարվող ժամանակակից բարձր ճշգրտության հրթիռներն ու ռումբերը չեն հասցրել գնել։ Խոսքը հենց այս մասին էր։ Պարզապես կողմերը և՛ որոշակի քաղաքական խնդիրներ են լուծում, և՛ լավ չեն ձևակերպում, թե ինչ են ուզում ասել։ Արդյունքում նման հակասական իրավիճակ ենք ունենում»։
Ինչ վերաբերում է մատակարարման վերաբերյալ կարծիքներին՝ նա շեշտեց, որ բուն գործընթացը հեշտ է։
«Որոշակի տրանսպորտային հարցեր կան, որոնք լուծելուց հետո ամեն ինչ բերվում է։ Այստեղ գնային հարց կա․ նախ ժամանակակից բարձր ճշգրտության սպառազինությունը շատ թանկ է։ Սպառազինության գինը կարող է համեմատելի լինել ինքնաթիռի գնի հետ։ Կարծում եմ, որ առանց այդ էլ 4 հատ ՍՈւ-30 ՍՄ կործանիչ ինքնաթիռ գնելը արդեն լուրջ բյուջետային լարվածություն էր առաջացրել։ Հրթիռներ առնելն առավել ևս խնդիր է։ Երրորդ խնդիրն այստեղ այն է, որ այդ ամենը պետք էր կիրառել։ Այսինքն, բուն ինքնաթիռները կիրառելը բավականին երկար գործընթաց է պահանջում։ Մեր զինված ուժերը պետք է սովորեին դա, որովհետև մինչ այդ երբևէ ոչ մի տեսակի կործանիչ չի կիրառվել։ Ընդհանուր առմամբ, եթե անգամ հրթիռները գնած լինեին, այսպես, թե այնպես, դրանք անհնար էր կիրառել պատերազմի ժամանակ և հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանի կողմից կիրառվում էին ժամանակակից կործանիչներ»,-ասաց նա՝ շեշտելով, որ երկար գործընթացի մասին է խոսքը, որի ժամանակը չկար։