Նախագահ Արմեն Սարգսյանը «Առավոտ»-ին տված ծավալուն հացազրույցի ընթացքում անդրադարձել է Սահմանադրությանը՝ ասելով․
«Հարցն այն չէ, թե որն է լավը: Հարցն ավելի շատ մասնավոր է՝ ինչպիսի՞ Սահմանադրության կարիք ունես: Սահմանադրությունը, որ ժամանակին ընդունել ես, արդյո՞ք բավարարում է այսօրվա պահանջներին: Արդյո՞ք ժամանակին ընդունելով այդ Սահմանադրությունը՝ դու որոշակի տեղերում թերություններ չես թողել: Սահմանադրությունն ուժի մեջ մտավ իմ երդմնակալությունից հետո, ես և իմ գործընկերները հանդիպել ենք Սահմանադրության հետ կապված խնդիրների, և չխոսել դրանց մասին, լռել՝ ասելով, որ խոսելն անիմաստ է, չեմ կարծում, թե ճիշտ է»:
Անվանել մեր Սահմանադրությունը մաքուր խորհրդարանական, ըստ նախագահի, սխալ կլինի, որովհետև ցանկացած խորհրդարանական կամ նախագահական համակարգում անպայման կան հավասարակշռության և զսպումների մեխանիզմներ, որոնք մեզ մոտ բացակայում են: Խոսքը նախագահին տրված գործիքների մասին չէ, այլ՝ ԱԺ-ի և հանրության ու մնացած ինստիտուտների հետ կապված:
Եթե ունես ուժեղ իշխանություն, հանրություն, որը ներդաշնակ է ապրում ինքն իր հետ, ապա Սահմանադրության անհարթությունները չես նկատում: Սահմանադրության անհարթություններն սկսում են քաղաքական, տնտեսական և այլ տիպի խնդիրների ու ճգնաժամերի հետ: Հետևաբար, այսօր ամեն առիթով հանդիպում ես խնդիրների, որոնք կապված են բուն Սահմանադրության հետ:
«Մեզ մոտ, ցավոք սրտի, Սահմանադրության մեջ նմանատիպ գործիքների հսկայական պակաս կա: Պետք չեն շատ գործիքներ: Պարզ օրինակ. օրենքը գալիս է Հանրապետության նախագահի սեղանին, նախագահն ունի հնարավորություն կա՛մ ստորագրել ԱԺ-ից եկած օրենքը, կա՛մ, եթե տվյալ օրենքը, ըստ նախագահի, նրա իրավաբանների կամ խորհրդատվական կարծիքների, սահմանադրական խնդիրներ է պարունակում, դիմել Սահմանադրական դատարան: Կամ՝ ուղղակի չստորագրել, և որոշակի օրերից հետո ստորագրում է ԱԺ նախագահը, և այն դառնում է օրենք»,- ասել է նախագահը և հավելել, որ այս հարցով հանրային քննարկման կարիք կա, մասնագետների, փորձագետների, պրոֆեսիոնալների քննարկման կարիք և լրջության: