Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում ելույթ ունեցավ «Գլոբալ մարտահրավերներն ու սպառնալիքները Covid-19 համաճարակի համատեքստում. ահաբեկչություն և բռնի էքստրեմիզմ» թեմայով քննարկմանը, որը տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում։
«Կցանկանայի նշել մարդասիրական խնդիրները: Ինչպես գիտեք, գերեվարված անձանց և զոհերի մարմինների փոխանակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտադիր կետերից մեկն է: Այս գործընթացը պետք է սկսվեր ստորագրումից անմիջապես հետո: Ավելին, պայմանավորվածություն կար, որ բանտարկյալների, պահվող անձանց և մահացածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվեր «բոլորը բոլորի դեմ» սկզբունքով: Այնուամենայնիվ, ավելի քան 4 ամիս անց մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է համապատասխան պայմանավորվածությունը:
Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է պահել հարյուրավոր հայ ռազմագերիների ու խաղաղ բնակիչների:
Կան անվիճելի փաստեր այն մասին, որ շատ բանտարկյալներ ենթարկվել են խոշտանգումների, խեղումների կամ սպանվել են: Այս հանցագործությունները նկարահանվել և տարածվել են սոցիալական ցանցերում ու լայնորեն ընդունվել Ադրբեջանի հասարակության շրջանում:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի հետաձգումը բացառապես արհեստական է և լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարության իրագործման համար:
Հայկական կողմը լիովին կատարել է իր ստանձնած պարտավորությունները: Ի հակառակ դրան՝ Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է համաձայնագրերի իրագործումից, շահարկում է ռազմագերիների և գերիների ցուցակները, հորինում է արհեստական քրեական գործեր և, առհասարակ, շարունակում է հայատյացության քաղաքականությունը:
Ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող համապատասխան արձագանք չառաջացնել այն գործընկերների կողմից, որոնք շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության մեջ»,- ասել է Արարատ Միրզոյանը: