«Խոնարհվելով հանուն հայրենիքի պաշտպանության կյանքը զոհած ոստիկանության աշխատակիցների հիշատակի առաջ՝ շնորհավորում եմ համակարգի բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ»,-գրել է վարչապետը՝ հրապարակելով տեսանյութ և լուսանկարներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է նաև հրավիրված կոլեգիայի նիստին: Մինչ նիստը՝ կառավարության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած բոլոր ոստիկանների հիշատակին:
Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Հարգելի գործընկերներ,
Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ծառայության համար: Կրկին ուզում եմ իմ խոնարհումի խոսքերն ասել Հայրենիքի համար ընկած Ոստիկանության բոլոր ծառայողներին և նրանց ընտանիքներին ու ընդգծել, որ նրանց հիշատակի առաջ մեր մեծագույն պարտավորությունն ու նրանց հիշատակի նկատմամբ մեր մեծագույն ծառայությունը կլինի իսկապես ուժեղ, արդար, օրինական երկիր ստեղծելը:
Մենք խոսեցինք պատերազմի ժամանակ ընկած մեր ոստիկանների մասին, բայց ուզում եմ ընդգծել նաև մեր այն ոստիկաններին, ովքեր զոհվել են հանցավորության դեմ պայքարի ընթացքում, որովհետև նրանք նույնպես հանուն Հայրենիքի, ժողովրդի, իրավունքի և օրիանականության են տվել իրենց կյանքը: Մեր խոնարհումի խոսքերը մեր բոլոր ընկած ոստիկաններին, մեր զորակցության խոսքերը հաշմանդամություն ստացած մեր բոլոր ոստիկաններին:
Հայաստանի Հանրապետությունը և համոզված եմ նաև Ոստիկանությունն ամեն ինչ կանեն և ամեն ինչ անում են մեր այդ գործընկերների, նրանց ընտանքիների կողքին լինելու համար: Եվ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետությանը կատարված ծառայության համար, օրինականությանը, իրավակարգին, հասարակական կարգին ձեր մատուցած ծառայությունների համար»: