Վրաստանը մեր բարեկամ երկիրն է, և մենք պետք է պահպանենք Վրաստանի հետ հարաբերությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Ինչպես հայտնում է «Грузия Online»-ը, Արմեն Սարգսյանը խոսել է Վրաստան կատարած իր այցի ընթացքում ունեցած հանդիպումների մասին:
Խոսելով Վրաստանի նախագահի և խորհրդարանի նախագահի հետ ունեցած հանդիպումների, և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցի մասին՝ նա նշել է.
«Մեր հանդիպումների հիմնական թեման եղել են երկկողմ հարաբերությունները, մտքեր ենք փոխանակվել այն մասին, թե ինչպես ենք մենք տեսնում տարածաշրջանի զարգացման ուղիները: Կարևոր է, որ տարածաշրջանում կայունություն լինի: Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք Արցախի կարգավիճակի հարցը։ Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև և երկխոսության հարթակ առաջարկել մեզ»:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի նախագահը նշել է, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի Վրաստան: