«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին Սյունիքի մարզ էր այցելել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետի եւ ԵԿՄ տարածքային բաժանմունքների ղեկավարների հետ, ապա մեդալներ հանձնել մի շարք սյունեցի երկրապահների՝ հայրենիքին մատուցած ծառայության համար վերջին պատերազմին մասնակցելու կապակցությամբ։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգեւատրվել նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որի՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ կասկածներ կան»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ամենշաբաթյա ռեժիմով մարզային այցեր իրականացնում, որն իրականում փաստացի նախընտրական քարոզարշավ է, թեպետ պաշտոնապես ընտրություններ հայտարարված չեն։ Ի դեպ, ուշագրավ է, որ Փաշինյանը խուսափում է խոշոր համայնքներից:
Մեր տեղեկություններով, Փաշինյանի այցերը կազմակերպելուց առաջ տքնաջան աշխատանք է կատարվում, դժվարությամբ ընտրվում են փոքր համայնքներ, որտեղ հնարավոր կլինի գոնե մի քիչ «պատկառելի»՝ ասենք՝ մի քանի տասնյակ հոգու մասնակցություն ապահովել, միևնույն ժամանակ երաշխավորել իրավիճակի վերահսկելիություն»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե հանրապետության նախագահը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» աղմկահարույց նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարան չդիմի, ապա դա կնախաձեռնի խորհրդարանական ընդդիմությունը։ «Այո, մենք ասել ենք, որ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- երեկ մեզ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
Հիշեցնենք, որ 2 օր ուշացումով՝ ապրիլի 2-ից նախագիծը նախագահականում է, ըստ իրավական կարգի՝ ուշացման դեպքում նախագահը պետք է այն ետ ուղարկեր խորհրդարան, բայց մինչ այս պահը Արմեն Սարգսյանը ո՛չ ետ է ուղարկել, ո՛չ էլ ստորագրել է կամ դիմել ՍԴ։ Նա 21 օր ժամանակ ունի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունները նպատակ ունեն այս տարի՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, համայնքների միավորման ծրագրեր իրականացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում:
Միավորման ծրագրերում ներգրավված է լինելու թվով 186 համայնք, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 11 համայնք: Ընդ որում, այդ համայնքների գերակշռող մասի ՏԻՄ-երի լիազորությունները լրանում են 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, եւ հենց դա է պատճառը, որ իշխանությունները որոշել են նոր օրենսդրական փոփոխությամբ հանդես գալ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկացրել ենք, որ արդեն պատրաստ է ԲՀԿ նախընտրական ծրագիրը, որը, մեր տեղեկություններով, անձամբ կազմել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Եվ ահա, նախօրեին Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ երիտասարդական միության ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել ծրագրի նախնական տարբերակի դրույթներից մի քանիսը, որոնք վերաբերում են ուսանողներին եւ երիտասարդներին:
Հանդիպման ժամանակ մասնավորաբար խոսվել է ուսման վարձերի մասին, որն այսօր մեր երկրի ամենացավոտ հարցերից մեկն է: Ծառուկյանն ասել է, որ իրենց ծրագրով նախատեսվում է այնպիսի համակարգ, որը գործում է եվրոպական մի շարք երկրներում, երբ պետությունը պայմանագիր է կնքում ուսանողի հետ, ապահովում է վերջինիս կրթությունը, ապա եւ աշխատանքը, իսկ ուսանողն ավարտելուց հետո հինգ տարվա ընթացքում կմարի այդ պարտքը: Սա հնարավորություն կտա, որ սոցիալական վիճակի պատճառով որեւէ մեկը չզրկվի կրթությունից, մյուս կողմից՝ մարդիկ ստիպված չեն լինի բարձր տոկոսներով վարկեր ձեւակերպել ուսման վարձը վճարելու համար»: