Այսօր տեղեկացրել էինք, որ ի հավելումն ԱԽ գրասենյակի կողմից 2021թ. ապրիլի 15-ի հրապարակման, Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է ԱԽ 30.09.2020 թ. նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:
ArmLur.am-ի հետ զրույցում ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը, նշել է․ «Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը եւ որից հետո իմ ելույթն ամբողջությամբ»։
Նշենք, որ Օնիկ Գասպարյանը հայտարարել է. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Արդյունքում, ապրիլի 15-ին ԱԽ-ն ներկայացրեց 30.09.2021 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք № 2), որոնցում պարոն Գասպարյանը հայտնում է.
«Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել … » հավելելով. « … Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք … », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակն ավելի վաղ պարզաբանում էր տարածել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության մեջ որոշ պնդումների վերաբերյալ և հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթեր: