ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հերքեց տեղեկությունները, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվել:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ ակնհայտ ապատեղեկատվություն է տարածվում։ Փոխոստիկանապետը հստակեցնում է՝ ընդամենն իրականացվում են համապատասխան օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ։
Ըստ փոխոստիկանապետի՝ բերման ենթարկվածները ավելի քիչ են՝ 2-3 հոգի։
Անդրադառնալով Սյունիքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպին և հարուցված քրեական գործին՝ փոխոստիկանապետը շեշտեց, որ այնտեղ առերևույթ խուլիգանության դեպքեր են տեղի ունեցել, ոստիկանությունն էլ, բնականաբար, ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ։
Լրագրողները հարցրեցին՝ եթե Սյունիքում խուլիգանություն էր տեղի ունենում, ինչո՞ւ էր ոստիկանությունն անգործության մատնված:
Արա Ֆիդանյանի պնդմամբ՝ ոստիկանությունն անգործության չի մատնվել։ Նկատում է՝ անգամ ոստիկանների համազգեստներից ակնհայտ երևում է, թե ինչ վիճակում են հայտնվել նրանք։
«Եթե դա դիտարկում եք անգործություն, ապա, կներեք, ոստիկանությունն այդ ուժերով ավելին չէր կարող անել: Լրացուցիչ ուժերի պարագայում գուցե հնարավոր լիներ», -նշեց նա։
Փոխոստիկանապետը պարզաբանեց, որ Երևանից Սյունիք ոստիկաններ են տարել՝ հասարակական կարգը պահպանելու նպատակով։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ։ Փաշինյանի այցը, սակայն, միանշանակ չընդունվեց։ Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Կապան, Քաջարան քաղաքաներում բողոքի ակցիաներ են կազմակերպվել ընդդեմ վարչապետի։
Մարզպետարանում վարչապետը խորհրդակցություն է հրավիրել՝ հանձնարարելով ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին պատասխանատվության ենթարկել Մեղրիում միջադեպի մասնակիցներին։
Ի դեպ, Քննչական կոմիտե է հրավիրվել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։