Հայաստանի իշխանությունները պետք է շատ զգոն լինեն թուրքական իշխանությունների լարած հերթական թակարդին։ Այս մասին «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ժամանակ ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ թուրքագետի՝ Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը ենթադրում է թուրքական կողմից ևս մեկ պահանջ՝ նախապայման։
«Հայաստանին ներկայացվելու է ինչ-որ կերպ քողարկված Կարսի պայմանագրի ճանաչման կամ վերաճանաչման պահանջ, որը ռեալ-պոլիտիկ տեսանկյունից միգուցե կթվա անիրականանալի, բայց մենք պետք է հարցին նայենք այլ տեսանկյունից։ Թուրքիան մեր առջև դրել է 3 նախապայման։ Առաջին նախապայմանին նա մասամբ հասել է, սա այն քողարկված վտանգն է, որը տանելու է թուրքական երկրորդ նախապայմանի իրականացմանը։ Թուրքիայի համար սա ունի գերկարևոր նշանակություն, որովհետև Հայաստանը, ևս մեկ անգամ նախապայմանն ընդունելով, արձանագրելու է իր պարտությունը», -նկատեց նա։
Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ իշխանությունները կարող են ընդունել իր ասածը որպես կոչ՝ ուշադրություն դարձնելու Թուրքիայի խիստ հմտորեն քողարկված թակարդին և դրանից բխող այլ հետևանքներին:
Մանրամասները՝ տեսանյութում․