Ապրիլի 26-ին Մոսկվա կատարելիք այցի նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել РИА Новости-ին։
Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների և դրանցում Ռուսաստանի մասնակցության մասին
Մոսկվա այցը փոխկապակցված է Դուշանբե կատարած այցի հետ, որի ընթացքում նախատեսվում է ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպում, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ:
Հայաստանը շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ՝ մեր սահմանների անվտանգության ամրապնդման գործում:
Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները կիրականացվեն Ռուսաստանի օժանդակությամբ: Միևնույն ժամանակ, մենք նախատեսում ենք հետագայում ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը:
«Հայ-ռուսական հարաբերությունները օբյեկտիվորեն վերլուծելով` ակնհայտ կդառնա, որ Հայաստանի արտաքին քաղաքական որոշումները համապատասխանում են Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ոգուն և բնույթին:
Արցախում ռուս խաղաղապահների առկայության ու գրավված տարածքների վերադարձի մասին
Ռուսաստանի խաղաղապահ ուժերը արդյունավետ գործունեություն են ծավալում Արցախում:
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի որոշակի սահմաններ ունեցող տարածքը ճանաչված է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դիվանագիտական միջոցներով վերադարձնենք ԼՂ գրավյալ տարածքները:
Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման մասին
Ալիևի կողմից հայկական Զանգեզուրի վերաբերյալ ցանկացած հայտարարություն հիմնովին խեղաթյուրում է հրադադարի մասին հայտնի հայտարարության էությունը:
«Ալիևը ոչ միայն հերքում է ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու օբյեկտիվ փաստը, այլև անպայման փորձում է սրել երկու ժողովուրդների թշնամանքը: Օրինակ, երբ նա բացում է, այսպես կոչված, «ռազմական ավարի պուրակը»:
Հայաստանի քաղաքական էլիտայի վրա արտաքին ուժերի ազդեցության մասին
Մեկնաբանելով Հայաստանի քաղաքական էլիտայի վրա տարբեր ուժերի ազդեցության հարցը՝ Գրիգորյանը նշել է. «Մենք հայակենտրոն ուժ ենք և առաջնորդվում ենք բացառապես Հայաստանի շահերով»: