Ապրիլի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության ցուցաբերած ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանն ու իրականացվող բարեփոխումներին: Տիգրան Ավինյանը հատկապես առանձնացրել է «USAID»-ի հետ միասին կատարվող աշխատանքը՝ այն որակելով որպես երկկողմ համագործակցության լավագույն փորձերից մեկը: Խոսքն ավելի քան 60 ծրագրի իրականացման մասին է՝ ծառայությունների մատուցման, թվայնացման և այլ ուղղություններով:
Երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում կողմերը կարևորել են Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը: Փոխվարչապետն այս բարեփոխումն անվանել է անկյունաքարային՝ ընդգծելով, որ այն կապահովի պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեությունն ու թափանցիկությունը:
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև պետական և համայնքային ծառայությունների թվայնացման ընթացիկ վիճակին ու արձանագրված արդյունքներին: Տիգրան Ավինյանը նշել է, որ աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում և մինչև տարեվերջ առարկայական արդյունքներ են ակնկալվում:
Ներկայացնելով կառավարության առաջնահերթությունները թվայնացման ոլորտում՝ փոխվարչապետն առանձնացրել է պետական և համայնքային ծառայությունների, պետական մարմինների ընթացիկ աշխատանքների, արդարադատության բնագավառի, կառավարության էլեկտրոնային գործիքների և տվյալների միասնական բազայի ստեղծման հարցերը: