Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո ընդդիմադիր թևից կոչեր են հնչում՝ ուղղված խորհրդարանական ուժերին՝ ԼՀԿ-Ին և ԲՀԿ-ին։ Խորհրդարանական ուժերին հորդորում են վարչապետի թեկնածու առաջադրել, եթե իրապես ընդդիմադիր ուժ են։
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նման ամպագոռգոռ հայտարարություններ անողներին խորհուրդ է տալիս ուշադիր ուսումնասիրել օրենսդրությունը։
Բացի այս, Արման Աբովյանը հիշեցրեց, որ գոյություն ունի նաև քաղաքական կոնսենսուս, ըստ որի՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն պայմանավորվել են վարչապետի թեկնածու չառաջադրել։ Armenia Today-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղարը նկատեց, որ այդ պայմանավորվածությունը խախտելու դեպքում իշխանությանը լայն լծակներ են տրվում՝ կատարելու իրավական քայլեր, որոնք կտապալեն հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Իսկ ԲՀԿ-ն դա թույլ չի տալու։
«ԲՀԿ-ն ասում է՝ չի անելու երբևէ որևէ քայլ՝ թույլ տալու իշխանություններին տապալել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք, ապա «Իմ քայլը» վարչապետ կընտրի Նիկոլ Փաշինյանին։ Չի կարելի թույլ տալ, որ իշխանությունները վերարտադրվեն»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խորհրդարանական ուժերին ուղղված կոչերին անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա հավաստիացրել է, որ չեն խոչընդոտելու արտահերթ ընտրությունների անցկացմանը։
ԼՀԿ ղեկավարը պաշտոնապես հայտարարել է, որ իրենց վրա ոչ մի ճնշում չի աշխատելու, և ոչ մի ավանտյուրայի չեն գնալու, հետևաբար, որևէ մեկի թեկնածությունը չեն պաշտպանելու և թեկնածու չեն առաջադրելու։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից՝ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։