Մամուլում ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունում՝ դասալքության փաստի առթիվ։
Լուրի իսկությունը պարզելու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանի և «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի հետ։
«Հնարավոր դասալքության փաստի առթիվ պատրաստվում են նյութեր։ Դրանց նախապատրաստման շրջանակներում Արթուր Վանեցյանը հրավիրվել էր բացատրություն տալու»,- ասաց Վանեցյանի փաստաբանը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել մի քանի օր առաջ։
Փաստաբանը նաև նշեց, որ եթե իրավական գործընթացներ տեղի ունենան, ապա պետք է քրեական գործի հարուցումը մերժվի։
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն էլ Armenia Today-ի հետ զրույցում ասաց, թե Արթուր Վանեցյանը բազմիցս ասել է, որ չի պատրաստվում անընդհատ հերքել այդ տեղեկատվությունը, որի իմաստն էլ այն է, որ դրա մասին մարդիկ անընդհատ խոսեն։
«Եթե դա անգամ մեկ տոկոս ճշգրտության տեղեկություն լիներ, հավատացե՛ք, այսօր քրեական գործերը ոչ թե կկարճվեին, այլև կլինեին զարգացումներ, մեղադրական եզրակացություններ, կգնային դատարան»,- ասաց Հակոբյանը և հավելեց․
«Սա միանշանակ քաղաքական մոտիվներ ունի։ Կար ժամանակ, որ օրը մեջ քրեական գործ էր հարուցվում որևէ թեմայի վերաբերյալ, որոնք փորձում էին կապել Վանեցյանի հետ։ Դրանց մի մասը կարճվեց, որովհետև իրականության հետ որևէ աղերս չուներ, մի մասն էլ փորձում են «վերակենդանացնել», սակայն դրանք էլ նույն ճակատագրին կարժանանան»։
Հակոբյանն ասաց, որ գեներալ Լևոն Մնացականյանը, որը պատերազմի ժամանակ իրենց կուսակցության մարտական հերթափոխն իրականացրած ճակատի հրամանատարն էր, նույնպես հերքել էր տարածվող տեղեկությունը՝ բացառելով դասալքության որևէ փաստ։
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին Դատախազությունից ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ «Հայրենիք» զորախմբի անդամների դասալքության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել, ինչից կարելի էր ենթադրել, որ այդ ժամանակ գործող վարչապետի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանել։
Իսկ ՀՔԾ-ն առհասարակ խուսափել էր տեղեկատվություն տրամադրել, թե որ գործի շրջանակներում են ստուգել Փաշինյանի հայտարարությունները՝ ասելով, թե դա նախաքննական գաղտնիք է։
Արաքսյա Սնխչյան