Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Դուշանբեում երկկողմ բանակցություններ է վարել Հայաստանի եւ Բելառուսի իր գործընկերների հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՌԴ անվտանգության խորհրդի կայքից, Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ ստորագրվել է Ռուսաստանի և Հայաստանի անվտանգության խորհուրդների աշխատակազմերի միջև 2021-2022 թթ.փոխգործակցության պլանը: Կողմերը պայմանավորվել են շարունակել տեղեկատվության փոխանակումը երկկողմ համագործակցության գերակա ուղղություններով, աջակցել երկու երկրների ուժային, իրավապահ մարմինների և այլ նախարարությունների ու գերատեսչությունների անվտանգության հարցերով աշխատանքային շփումների կազմակերպմանը: Ռուսական կողմը հաստատել է Հայաստանի կայունության, բարգավաճման եւ ամրապնդման շահագրգռվածությունը կյանքի բոլոր ոլորտներում:
Իսկ Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միութենական պետության, ինչպես նաեւ ՀԱՊԿ գծով անվտանգության ոլորտում ռուս-բելառուսական համագործակցության հեռանկարները: Կողմերը քննարկել են Ռուսաստանի եւ Բելառուսի ներքին գործերին այլ երկրների միջամտությանը հակազդելու հարցերը: