ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեին, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային Ժողովի պատգամավորներ Գզավիե Բրըտոնը, Ժակլին Դյուբուան և Ֆրանսուա Պուպոնին։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Արարատ Միրզոյանը։
«Հանդիպման ընթացքում նշեցի, որ պատիվ է Ազգային ժողովում հյուրընկալել հայ ժողովրդի վաղեմի իրական բարեկամներին։ Հատկապես կարևորեցի ֆրանսիացի գործընկերների այցը ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ։ Քննարկեցինք թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակն Արցախում, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման և դրանում Ֆրանսիայի կարևոր դերի վերաբերյալ հարցեր։
Ֆրանսիացի խորհրդարանականները ներկայացրեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող և Արցախի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրենց մտադրությունը։ Մեր ֆրանսիացի գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ ջանքեր գործադրել Արցախի անվտանգության և արցախահայերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ` փորձելով առավել հանրայնացնել խնդիրը եվրոպական տարբեր երկրներում»,-նշել է ԱԺ նախագահը։