ՀՀ գլխավոր դատախազությունը 2020թ. ընթացքում 2019թ-ի համեմատ հանցավորության նվազում է արձանագրել:
Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը:
Ըստ նրա՝ 2020թ. ընթացքում հանցավորության նվազում կա նախորդող տարվա համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության, ընդամենը 382 դեպքով, սակայն այդ նվազումը ոչ թե 382 է, այլ 1383: 2019թ. արձանագրվել է 26 հազար 850 հանցագործության դեպք, 2020թ-ին՝ 26 468 դեպք։
Գլխավոր դատախազը ամենամեծ ձեռքբերումը համարեց այն, որ նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները:
«Մշտապես ունեցել ենք դինամիկ աճ, հատկապես բնակարանային գողությունների հետ կապված դեպքերով: 2019թ. արձանագրվել է 1 695 դեպք, իսկ 2020 թվականին՝ 1 258 բնակարանային գողություն»,- նշեց Դավթյանը՝ հայտնելով, որ 2019թ. համեմատ 3-ով աճել է սպանությունների թիվը` 47-ից դառնալով 50: Գլխավոր դատախազն արձանագրեց, որ աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունների և հրազենի գործադրմամբ հանցագործությունների թվերը: