Այսօր՝ մայիսի 4-ին, ամփոփվեցին ՀՀ տեղամասային կենտրոնների մատչելիության մշտադիտարկման արդյունքները: Գնահատումն իրականացվել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում Հայաստանում» ծրագրի «Մատչելիություն և քաղաքական ներառում» բաղադրիչի դրամաշնորհով, որն իրականացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության կողմից։
Հանրապետության ամբողջ տարածքում առկա 2008 ընտրական տեղամասերից մշտադիտարկվել է 1987-ի մատչելիությունը։
Շնորհանդեսի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Ստեֆանը, կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքում, իր խոսքում նշեց․ «Մեր նպատակն է աջակցել քաղաքական գործընթացների մատչելիության բարելավմանը։ Այս ոլորտում բոլոր ջանքերը պետք է ներդրվեն՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ սերտորեն համագործակցությամբ և, նրանց խորհուրդներով և փորձագիտական ուղղորդումներով։ Լիահույս եմ, որ այս հետազոտության արդյունքները կյանքի կկոչվեն՝ բարելավելով հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական և քաղաքական մասնակցությունը»։
«Սա տեղամասային կենտրոնների մատչելիության գնահատման՝ իր մասշտաբներով առաջին խոշոր ծրագիրն էր։ Ամբողջ ծավալով իրականացվել է տեղեկատվության հավաքում, ամփոփում և վերլուծություն։ Տվյալները շատ կարևոր են ընտրական հանձնաժողովների, ՏԻՄ-երի, պետական և ոչ պետական այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են ներառականության խնդիրներով, քանի որ վերհանված են բոլոր խնդիրները»,- նշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը նշեց․ «Պայմանականորեն թվով 524 տեղամասային կենտրոն կարելի է համարել մասամբ մատչելի, որոնք կարելի է քիչ ջանքերով և ֆինանսական ռեսուրսներով դարձնել լիովին մատչելի հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձնաց համար, քանի որոշ տարածքների անմատչելիությունը պայմանավորված է ոչ միայն նախագծային և շինարարական, այլև կազմակերպչական գործոններով»։
ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի (IFES) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոն անդրադարձավ կազմակերպության կողմից իրականացվելիք հետագա քայլերին, որոնք ուղղված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և քաղաքացիական իրավունքների խթանմանը։