ԱԱԾ քննչական դեպարտամենտում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ զինված ուժերում նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած զինվորականը կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ինչպես նաև ստեղծելով կազմակերպված խումբ, առանց պետական գրանցման, հաշվառման և հատուկ թույլտվության (լիցենզիայի), զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ` զուգորդված պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, նռնակ, մարտական պայթուցիչներ:
Սույն քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված զինվորականը ծառայության մեջ գտնվելու ընթացքում ի պաշտոնե իրավունք է ստացել առնչվելու պետական և ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկությունների և այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթերի հետ:
Հիշյալ անձը տարիներ առաջ գտնվելով Վրաստանի տարածքում՝ հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և, հավաքագրվելով վերջինների աշխատակիցների կողմից, ստացել է կոնկրետ առաջադրանքներ, հանձնելու նպատակով հավաքել և իր մոտ պահել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա պետության ներկայացուցիչներին փոխանցել ծառայության բերումով իրեն հասանելի դարձած փաստաթղթեր ու տեղեկություններ, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց տվել այլ օգնություն:
ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձը, քննությամբ չպարզված ժամանակահատվածում, ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և մինչև 2020 թվականի հունիսի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատանը ապօրինի պահել է դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և այլ զենքերից ու ատրճանակներից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող ավելի քան 1000 հատ մարտական փամփուշտներ, «Ֆ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, մարտական պայթուցիչ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում բարձրաստիճան զինվորականը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Պետական դավաճանություն կատարելու, կազմակերպված խմբի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար:
ՀՀ ԱԱԾ-ն զգուշացնում է, որ հետևողական և անզիջում պայքար է տանելու օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ: